Ուսուցիչները 10 հազարով ավելի են, քան դրա կարիքը կա. պետք է նվազեցնել դրույքաչափը և դասարանների խտությունը

Loading...

Օրեր առաջ Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրաձարձել էր աշակերտների եւ ուսուցիչների քանակի անհամապատասխանությանը, ու, որպես հետեւանք, վերջիններիս վճարվող ցածր աշխատավարձին: Այսինքն՝ ուսուցչական համեմատաբար փոքրաթիվ հաստիքները զբաղեցնում են ավելի մեծ թվով մանկավարժներ, ինչի պատճառով էլ այս կամ այն հաստիքի համար հատկացված ընդհանուր գումարը բաշխվում է երկու հոգու միջեւ ու փոքրանում:

Վարչապետը նկատել էր, որ այսօր Հայաստանում ուսուցչի աշխատավարձը պաշտոնապես 153 հազար դրամ է, բայց այդքան գումար ստացող մանկավարժների պետք է խոշորացույցով փնտրել:

«Պատճառը շատ տրիվյալ է. մանկավարժական աշխատավարձերը որոշվում են դրույքներով: Հիմա մենք ունենք աշակերտների x քանակ: Նրանց կրթությամբ ապահովելու համար անհրաժեշտ է y դրույք: Եվ մենք այսօր հանրակթության ոլորտում ունենք 10 հազարով ավելի աշխատող, քան դրա կարիքը կա՝ աշակերտների թվաքանակից ելնելով: Նշանակում է, որ աշխատավարձի դրամագլուխը, որը պետությունը սահմանել է, բաժանվում է հավելյալ 10 հազար հոգու միջեւ»,- ասել էր նա:

Նաեւ կենցաղային օրինակ էր բերել: «Ենթադրենք տանը շինարարության գործ լինի, որը կատարելու համար պետք է 3 հոգի: Որեւէ մեկը կհամաձայնի՞ գա 8 հոգի, այդ գործը անի, սնվի: Կասեք՝ ես 3 հոգու կվճարեմ, բարձր կվճարեմ, ձեռքս էլ կխփեմ սեղանին ու որակ կպահանջեմ: Հայաստանի Հանրապետությունն էլ մեր տունն է»,- զուգահեռ էր անցկացրել Նիկոլ Փաշինյանը:

Loading...

Ուսուցիչների չարդարացված մեծ քանակից խոսել է նաեւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա չի բացառել, որ կարող են կադրային կրճատումներ լինել, բայց եւ նշել է, որ դա անել չեն շտապի՝ փորձելով ապագա գործազուրկների համար հնարավորություն ստեղծել վերապատրաստվել ու նախապատրաստվել մեկ այլ աշխատանքի:

Բայց վերոնշյալ իրավիճակին զուգահեռ պատեհ առիթով ուսուցիչներն են ահազանգում, որ աշխատում են խիստ ծանրաբեռնված: Մեկ դրույքը կազմում է շաբաթական 22 դասաժամ: Նրանք վստահեցնում են, որ դա չափազանց շատ է՝ ուսուցման բարձր որակ ու արդյունք ապահովելու համար, մանավանդ այն դեպքում, երբ աշխատում են այսօրվա տեղեկացված սերնդի հետ ու գերբեռնված դասարաններում:

Երեկ էլ մի խումբ մանկավարժներ ու նրանց դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում կարծիք էին հայտնում, որ օպտիմալ տարբերակն այն կլինի, եթե դրույքը կազմված լինի 18 դասաժամից: Ի դեպ, ուշագրավ է, որ նրանք համաձայնեցին խոսել միայն անուններ չհրապարակելու պայմանով:

«35-ից ավելի պետք է լինի աշակերտների թիվը, որ կարողանանք դասարանը կիսել: Եթե քիչ եղավ, իրավունք չունենք: 35 հոգանոց դասարան ու 22 ժամ դաս: Դու պիտի անընդհատ լարված լինես, պիտի կարողանաս աշխատանքդ ճիշտ կազմակերպել: Փառք Աստծո (կմեծամտանամ ու կասեմ) մեր դպրոցն այն դպրոցներից է, որ ուսուցիչներն անշահախնդիր աշխատում են: Բնականաբար, յուրաքանչյուրն էլ կուզի՝ բարձր վարձատրվել, բայց չեն ասում՝ ինչ եմ ստանում, որ մտնեմ դասարան»,- նշեց տնօրենը:

«Այս սերնդի հետ բավականին բարդ է»,- կարծիք հայտնեց ուսուցիչներից մեկը: Ընդգծեցին, որ պահանջվող թղթաբանությունը վերջին տարիներին բավական շատացել է, ինչը էլ ավելի է դժվարացնում իրենց գործը:

Տարիներ առաջ «1 դրույք-22 դասաժամ» բանաձեւի վերաբերյալ մեզ հետ զրույցում բացասաբար էր արտահայտվել նաեւ ՀՀ վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը: «Այսօր երեխան դպրոց է գալիս այս կամ այն կերպ տեղեկացված, ինչ առարկայից ուզում է լինի: Հաղորդակցությունն այնպիսին է, որ այդ լրատվությունը երեխան ստանում է: Նրան բավարարելն արդեն ավելի դժվար է: Ուրեմն, ուսուցիչը ամեն դասից առաջ տանը 4-5 ժամ պիտի աշխատի, լրացուցիչ նյութեր հավաքի, որ կարողանա այդ դասարաններում պարապել: Ամեն ուսուցիչ չի կարող, ուստի եւ խուսափում են շատ ժամից: Ֆիզիկապես չեն կարող 22 ժամ դասարան մտնել, այդքան պատրաստվել չեն կարող»,- իր դիտարկումներն էր հայտնել Բեատրիչե Ստեփանյանը:

Հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներն այս խնդրի մասին տարբեր առիթներով խոսել են նաեւ ոլորտի պատասխանատուների հետ: Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ուսումնական տարվա սկզբին խոստացել էր, որ կանդրադառնան դրան: Նախարարությունից երեկ տեղեկացանք, որ այս պահի դրությամբ դրույքաչափերի վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում:

Մինչդեռ, եթե դասարանները, չհաշված հեռավոր շրջաններում գործող դպրոցների, այդքան խիտ չլինեն, ուսուցիչներն աշխատեն ավելի թեթեւ բեռնվածությամբ, նրանց քանակը գուցե անհրաժեշտից ավելի չլինի: Իսկ մանկավարժներին արժանապատիվ աշխատավարձով ապահովելու հնարավորության դեպքում էլ դա թեպետ բյուջեից կպահանջի համեմատաբար խոշոր գումարներ, բայց այդ ծախսերը կարող են փոխհատուցվել ստացվելիք արդյունքով:

Ի դեպ, մանկավարժները նշում էին, թե մեկ դրույքի համար իրենց վճարվում է մոտավորապես 105 հազար դրամ: Եվս մոտ 20 հազար դրամ ուսուցիչը կարող է ստանալ, եթե դասղեկ է: Եզակի դեպքերում նրանց նաեւ 10 հազար դրամ հավելավճար է տրվում, եթե տարակարգ ունեն: Ստացվում է առավելագույնը 135 հազար դրամ, որը պարտադիր պահումներից հետո դառնում է լավագույն դեպքում կդառնա մոտ 105 հազար դրամ:

Հայաստանի պետական դպրոցներում սովորող աշակերտների թիվը 2017-2018 ուսումնական տարում եղել է 360 հազար 321: Ուսուցիչներինը՝ 36 հազար 678: 2016-2017 ուսումնական տարում եղել է 357 հազար 052 աշակերտ եւ 36 հազար 807 ուսուցիչ: Ավելի վաղ, ասենք 2011-2012 ուսումնական տարում ուսուցիչների թիվը շատ ավելի մեծ է եղել եւ կազմել է 41 հազար 757: Աստիճանաբար այդ թիվը կրճատվել է տարեկան մոտավորապես հազարով:

Աղբյուր՝ armtimes.com

Loading...