Փաշինյանին կանչեց «на ковер». Ինչի դիմաց Պուտինը կփրկի «փլուզվող» հարաբերությունները

Loading...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ամենամյա մամլո ասուլիսում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների թեմային:

«Մենք հարթ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Մեզ մոտ ոչինչ չի փլուզվել, ինչը պահանջում է վերականգնում: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ», – ասել է Պուտինը` պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերականգնելու քաղաքականությունը Հայաստանի հետ ընտրություններից հետո:

«Մենք պետք է զարգացնենք այն, ինչ ունենք՝ ստեղծված նախորդ սերունդների ղեկավարների կողմից: Հայ ժողովուրդն Անդրկովկասում ռուս ժողովրդի ամենալավ դաշնակիցն է: Պատմականորեն դա այդպես է եղել և, հուսով եմ, այդպես էլ կմնա», – նշել է նա: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ պետք է գործել աշխարհում, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ընթացիկ իրականությունից ելնելով: «Մոտ ապագայում մենք դա կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, որը հաջորդ շաբաթ մեզ այցելելու է», – ասել է ՌԴ նախագահը:

Ապա, Պուտինից տեղեկացանք, որ Փաշինյանն առաջիկա օրերին կմեկնի Պուտինի հետ հանդիպման: Ուշագրավ էր, թե ինչ տոնայնությամբ Պուտինը խոսեց Հայաստանի հետ հարաբերությունների թեմայով:

Loading...

Մի կողմից Պուտինը ցույց է տալիս, թե՝ «ոչինչ չի փլուզվել»՝ անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնելու մասին լրագրողի հարցին: Նա կարծես ներկայացնում է, թե որևէ խնդիր չկա, երբ ասում է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ:

Ապա, անմիջապես ցույց է տալիս ակնկալիքները՝ պետք է զարգացնել այն, ինչ արդեն ստեղծվել է ղեկավարների նախորդ սերունդների կողմից: Այսինքն, Պուտինը Փաշինյանին հասկացնում է, որ այն քո նախորդները հիմել են՝ դու ևս պետք է ավելացնես եղածին:

Այսպես, Հայաստանի դաշնակցային պարտավորությունները՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, Հայաստանին մատակարարվող գազի գինը: Խնդիրների շարք… Կարող ենք այս հարցերին գումարել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրում՝ Ռուսաստանի առանձին դերն ու ակնկալիքները:

Այնպես որ, Փաշինյանին, ըստ երևույթին, առաջիկա օրերին Ռուսաստանում ծանր օրակարգային հարցեր են սպասում:

Ի դեպ, երեկ «168 ժամ»-ը գրել էր, որ իր տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, ներկայից 150 դոլարի փոխարեն, և դա քննարկման ենթակա չէ: Այս պահին Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին, երեկ ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: «ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Հավելեմ նաև, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել», ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սիսեռյանը:

Երեկ ուշադրության էր արժանի ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի գնահատականները՝ Հայաստանի առնչությամբ:

Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ այն պետության նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության ձևավորման, իր ապագա ճանապարհի ընտրության, ապագա ուղու որոնման և սահմանման բարդ ճանապարհի վրա, ասել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի խոսքերը, որը հույս էր հայտնել, թե Հայաստանը կդիմագրավի ԱՄՆ-ի շանտաժին: «Ինձ թվում է, որ այստեղ ավելացնելու ոչինչ չկա: Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ այն պետության նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության ձևավորման, իր ապագա ճանապարհի ընտրության, նրա որոշման բարդ ճանապարհի վրա: Ինչո՞վ էր պայմանավորված այդ մեկնաբանությունը և այդ պատասխանը: Հնարավոր է՝ հարցով: Պետք է դիմել լրագրողներին: Չեմ կարծում, որ Գ.Կարասինը ընդհատել է լրագրողին և խնդրել գրառել գլխով անցածը…», ասել էր նա:

Հետաքրքիր է Ռուսաստանի իշխանությունների վերջին օրերի պահվածքը: Նրանք Հայաստանի գրեթե մեղադրում են ԱՄՆ-ի սպասարկուն լինելու մեջ՝ ապա ռուս պաշտոնյայի անդրադարձը կապում են լրագրողի հարցի ու պահվածքի հետ:

Մոսկվան վերջին օրերին, իսկապես, սկսել է ավելի ու ավելի անհասկանալի դառնալ:

Թամար Բագրատունի

http://hayeli.am/article/1136641

Loading...